National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.03.2022
Ի՞նչ իրավիճակ է ձվի շուկայում եւ ի՞նչ կանխատեսումներ կան. քննարկում ԱԺ-ում
1 / 6

Հայաստանում փետրվար ամսին հավի ձուն էժանացել էր. կարելի էր անգամ 35 դրամով ձու գնել:  Դրա հետեւանքով ձու արտադրող հատկապես մանր ու միջին ընկերությունները խնդրի առաջ էին կանգնել. վաճառում էին ինքնարժեքից ցածր գնով:

Խնդիրը հասկանալու ու լուծման տարբերակներ գտնելու ակնկալիքով՝ մարտի 17-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նախաձեռնել է քննարկում՝ ձվի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործադիրից, ՏՄՊՊՀ-ից ներկայացուցիչներ, տնտեսվարողներ:

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ներկայացնելով քննարկում նախաձեռնելու շարժառիթը, տեղեկացրել է, որ ձվի շուկայում գնիջեցման հետեւանքով հավկիթ արտադրող ընկերություններից մեկը հայտնվել է  փակման եզրին: Պատգամավորը հիշեցրել է նաեւ, որ նախորդ տարի Զատկի տոնի նախօրեին առկա էր ձվի պակասորդ:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանի տեղեկացմամբ՝ հանձնաժողովը մի շարք բողոքներ է ստացել շուկայում առկա ցածր գնի հավկիթների վերաբերյալ ու կատարել է ուսումնասիրություն, ինչի արդյունքում արձանագրել է, որ գնիջեցման հեղինակը շուկա մուտք գործող նոր տնտեսվարող է՝ «Շիրակ» ապրանքանիշը ներկայացնող ընկերությունը, որը չունի գերիշխող դիրք, ուստի նաեւ չի կարող չարաշահել իր իրավունքները:

Հայկ Կարապետյանի գնահատմամբ՝ ցածր գնային առաջարկով կատարվել է աշխարհում ընդունված մարքեթինգային քայլ: «Գերիշխող դիրք չունեցողներն ազատ են իրենց գնային քաղաքականության մեջ, որովհետեւ չեն կարող միակողմանիորեն ազդել շուկայի վրա հետեւաբար՝ վարույթ չենք հարուցել»,- նշել է նա:

«Շիրակ» ապրանքանիշը ներկայացնող ընկերության ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանը վերահաստատել է, որ կատարվել է մարքեթինգային քայլ: Նրա պնդմամբ՝ իրենց ընկերությունն այս տարվա հունիսին հավակնում է դառնալ հավկիթների արտադրության գերիշխողներից մեկը, ուստի, այլեւս նման առաջարկներ չի կարողանա ներկայացնել:

«Արաքս» թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչ Վահե Մարտիրոսյանի խոսքով՝ ձվի արհեստական գնիջեցումը բացասական է անդրադառնում խոշոր ընկերությունների վրա: Նրա գնահատմամբ՝ ոլորտն անկայուն է: Վահե Մարտիրոսյանն առաջարկել է խնդիրը կարգավորել պետական մակարդակով:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանն ընդգծել է, որ հանձնաժողովը տնտեսվարողների գնային քաղաքականությանը չի միջամտում:

Տնտեսվարողները հստակ չեն կարողացել պատասխանել ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի այն հարցադրմանը, թե արդյո՞ք Զատկին ընդառաջ ձուն չի թանկանա: Նշվել է, որ հնարավոր է առաջանա ձվի պակասորդ, որն էլ կհանգեցնի գնի բարձրացմանը:

Քննարկման մասնակից տնտեսվարողները բարձրաձայնել են նաեւ թռչնակերի ներկրման հետ կապված խնդիրները, որոնք առաջացել են  Վերին Լարսի անցակետի փակ լինելու պատճառով:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի տեղեկացմամբ՝ Վերին Լարսի անցակետում եղանակային պայմանների պատճառով առաջացել են կուտակումներ: Նրա խոսքով՝ ավելի քան 3000 մեքենա այս պահին այնտեղ է: Գեորգի Ավետիսյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում շուկայում հնարավոր է առաջանան նաեւ թռչնամսի հետ կապված խնդիրներ:

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լեւոն Տեր Իսահակյանի խոսքով՝ եղանակային պայմաններն արդեն ավելի բարենպաստ են, եւ խնդիրը կարգավորման փուլում է:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ամփոփելով քննարկումը, տեղեկացրել է, որ խնդրի վերաբերյալ Կառավարությանը կներկայացնի առաջարկներ՝ փնտրելով լուծման տարբերակներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am